Սուրիկ Խաչատրյանը բարեխոսել է օրենքով գողի համա՞ր
Առիթ ունեցել էի գրելու այն մասին, որ բոլորովին վերջերս Երեւան էր ժամանել Ճակոյի եղբայր, օրենքով գող Ռաֆիկ Ամոյանը` Եզդի Ռաֆոն: Վերջինս ՀՀ էր վերադարձել առողջական խնդիրների պատճառով, եւ անհրաժեշտ բուժօգնություն էլ ստանում էր Երեւանի հայտնի կլինիկաներից մեկում: Նշել էի նաեւ այն մասին, որ Ռաֆիկ Ամոյանը այս վերջին ժամանակահատվածում առավել ինքնամփոփ է դարձել՝ առողջական խնդիրների պատճառով, թեեւ քրեական աշխարհում նրա շփումները հիմնականում պահպանվում էին Կրասնոդարի մարզի կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ:
Սակայն, (շրջանառվող լուրերի համաձայն) օրենքով գողի շփումները այս վերջին օրերին ակտիվացել են նաեւ ՀՀ-ի որոշ քրեական շրջանակների ու հատկապես ՀՀ-ի չինովնիկներից շատերի հետ, որոնց թվում ըստ նույն լուրերի, ակնարկում են նաեւ Սյունյաց մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը, կարծիք հայտնելով, որ հենց Խաչատրյանն է բարեխոսել վերին իշխանությունների մոտ Ռաֆոյին «պրոխոդը » ՀՀ-ում բացելու ու նրա համար նոր խնդիրներ չստեղծելու համար, քանի որ այս ընթացքում «օրենքով գողը» դեռ լուրջ բուժման կուրսեր ստանալու կարիք ունի: Ի դեպ, ասում են, որ Ռաֆոն վերջին անգամ առողջական խնդիրների հետ կապված, բուժման կուրսեր է ստացել նաեւ Գորիսի հիվանդանոցում, ուր նրան տեղը տեղին ուշադրություն է դարձրել մարզպետ Խաչատրյանը:
Նույն լուրերի համաձայն, Սյունյաց մարզպետին Ռաֆոյի համար դիմել է նրա շրջապատի ամենամոտ մարդկանցից մեկը, ում Խաչատրյանը չի կարողացել մերժել:
Հիշեցնենք, որ ՀՀ-ի կրիմինալ աշխարհում սկսված գործընթացների ու վերադասավորումների արդյունքում, ժամերի ընթացքում օրենքով գողը, ս. թ-ի մարտի 19-ի երեկոյան լքել էր ՀՀ- ն: