Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով հետաքրքիր զարգացումներ են ընթանում
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով հետաքրքիր զարգացումներ են ընթանում: Fnews.am-ի հետ զրույցում, այդ մասին ասաց գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «Միակ տեղեկությունն այն է, որ գործով քննչական փորձարարություն է եղել Գորիսում: Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող ասել»,-ասաց Ալումյանը` հավելելով, որ նորություն դեռևս չունի:
Ալումյանը շարունակում է պնդել, Գարեն Աթաջանյանին հակում են իրականությանը չհամապատասխանող կեղծ ցուցմունք տալ Արա Բուդաղյանի դեմ, որի դիմաց նրան խոստացել են ազատ արձակել:
«Միշտ էլ կգտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր իրենց սեփական ազատության համար պատրաստ կլինեն մրոտել ցանկացած մեկին: Այստեղ հարց է առաջանում, այն մեղադրյալը, ում հիմա այս ձևով ուզում են ազատ արձակել, եթե նրա առողջական վիճակն իսկապես այդքան վատ էր, ապա ինչո՞ւ ինքը վաղուց արդեն դատաբժշկական փորձաքննության չի ենթարկվել և ազատ չի արձակվել, այլ սպասել են այնքան, մինչև նա արա Բուդաղյանի դեմ ցուցմանունք տա»:
Ինչ վերաբերում է Սյունքի մարզպետի կողմից արդյո՞ք ճնշումների է ենթարկվում թե ոչ, պաշտպանը ասաց. «Ինձ որևիցե մեկը չի կարող ճնշել, թող ուրիշ օբյեկտ գտնեն ճնշելու»,-ասաց Ալումյանը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) մահափորձի գործով կան 4 մեղադրյալներ։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը:
Իսկ Սյունիքի մարզպետը այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: