Սյունիքի մարզպետի որդին «գժի թղթով» ազատվել է բանակից
«Փաստինֆո»-ն գրում է.Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ով կալանավորված է Սդղի գյոլի գործով՝ որպես մեղադրյալ, բանակից ազատվել է, այսպես կոչված, «գժի թղթով»: Այն, որ 20-ամյա Տիգրանը մինչ օրս բանակ չի զորակոչվել, հաստատեց նաև նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը՝ նշելով, սակայն, որ իր պաշտպանյալը ոչ թե ազատված է զինվորական ծառայությունից, այլ ուղղակի դեռ չի ծառայել՝ առողջական խնդիրների պատճառով:
«Առողջական խնդիրների պատճառով նրան տրվել է տարկետում բանակից։ Տիգրանն իր ցուցմունքում էլ է գրել, որ եթե փորձաքննության եզրակացությունը տա, որ ինքը առողջ է, ինքը պատրաստ է ծառայել»,- ասաց փաստաբանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, սակայն, մարզպետի որդին 3 տարի ժամկետով տարկետում է ստացել՝ հենց հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով պայմանավորված, պաշտպանության նախարարի հրամանով: Նրա ախտորոշումն է՝ «չափավոր արտահայտված նևրաստենիա»: Ի դեպ, հոգեկան խնդիրներով բանակից ազատված մարզպետի որդին այդ ամենով հանդերձ Գորիսի երիտասարդ երկրապահների տարածքային կոմիտեի նախագահն է, և վերջերս ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից պարգևատրվել էր ԵԿՄ հուշամեդալով: