Թալանել են՝ «Ելքի» պատգամավորության թեկնածուի տունը
«Ելքի» պատգամավորության թեկնածուն ցույցերի է մասնակցել, նրա տունը թալանել են…

Ժողովրդական շարժման սկզբից Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի, 1968թ. ծնված Հայկանուշ Բեգլարյանը միացել է շարժմանը, մասնակցել Երեւանում կայացած ցույցերին:

Այդ ընթացքում անհայտ անձը կամ անձինք Նոյեմբերյան քաղաքի նրա բնակարանից գողություն են կատարել: Պատճառված վնասը կազմում է 5 միլիոն դրամ:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցված:

Գործը հարուցվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով («Գողությունը, որ կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով»):

Հայկանուշ Բեգլարյանը ազատամարտի տարիներին որպես բուժքույր աշխատելով Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցում, հաճախ է օգնության հասել սահմանագոտում վիրավորներին: Նա ներկայումս զբաղվում է բիզնեսով:

2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նա «Ելք» դաշինքից Տավուշի մարզն ընդգրկող ընտրատարածքում պատգամավորության թեկնածու էր:
