Թափված ամեն մի կաթիլ արյանը պետք է արժանի լինենք...
Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատան պատկերը նույնքան սրտամորմոք է, որքան Երեւանում Եռաբլուր զինվորական պանթեոնինը: 44 օրյա արցախյան պատերազմում զոհված մեր հերոսներից շատերն իրենց վերջին հանգրվանը գտել են հենց այդտեղ: Թվում է՝ անթիվ են գերեզմանները, որոնք լի են ոչ միայն թարմ ծաղիկներով ու պսակներով, այլեւ շրջապատված մարդկանցով:
Ուշագրավն այն է, որ սգակիր հարազատների աչքերին արցունքը կարծես չորացած լիներ, ինչն ուներ իր պատճառաբանությունը: Մեր հետ զրույցում շատերն ասում էին, որ իրենց տղաները, եղբայրները, ամուսինները զոհվել են ոչ թե, որ այսօր լացեն, այլ ապրեն, ուժեղանան եւ ամեն ինչ անեն, որ արժանի լինեն թափված ամեն մի կաթիլ արյանը: