Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կբախվի Իրանի լուրջ արձագանքին. Աբդոլլահիան
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցին և դրան ադրբեջանական կողմի արձագանքին, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
«Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարեւաններն են, և մենք երբեք չենք կարգավորել հարաբերությունները մի կողմի հետ՝ մյուսի հաշվին։ Ելնելով փոխադարձ շահերից՝ մենք առաջնահերթ ենք համարում բոլոր հարևանների հետ հարաբերությունների զարգացումը»,- ասել է Աբդոլլահիանը։
Նա ընդգծել է, որ Իրանը տարածքային հավակնություններ չունի հարևան երկրներից որևէ մեկի, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ, սակայն Թեհրանը հասկացրել է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կբախվի Իրանի լուրջ արձագանքին։
«Տարածաշրջանի պաշտոնյաները մեզ վստահեցրել են, որ իրենք նման մոտեցում չունեն և պետք չէ մտահոգվել։ Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները Ադրբեջանի և մյուս հարևանների հետ՝ բարիդրացիության և եղբայրության սկզբունքների հիման վրա»,- հավելել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։