«Տաշիր» ընկերությունների խումբը պաշտոնապես հայտարարեց
«Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է «Տաշիր» ընկերությունների խմբի լրատվական ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, գործարքն արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և կավարտվի ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից համապատասխան որոշումից հետո (այդ որոշումը նախատեսվում է հաստատել ՀԾԿՀ հոկտեմբերի 1-ի նիստում – 168.am):
Կողմերը նաև պայմանավորվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ն շարունակելու են ամբողջ ծավալով կատարել իրենց կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները։
««Տաշիր» ընկերությունների խումբը ամբողջությամբ իր վրա է վերցնում ՀԷՑ-ի կառավարման գծով պարտականությունները», – հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
