Տասնյակ չարաշահումներ են լինում այս ոլորտում. Գագիկ Ջհանգիրյան
Քրեական նոր օրենսգիրքը, որի նախագիծը մասնագիտական խումբը մշակել է, պետք է անձին պատժելու հայեցակարգը փոխարինի արարքը պատժելու հայեցակարգով: ԱԺ-ում քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Նա նշեց, որ նախագիծը վերաբերում է ոչ միայն վաղաժամկետ պայմանական ազատմանը, այլև՝ սահմանված պատժից ավելի մեղմ պատժատեսակի ինստիտուտին ևս:
«Սովետական քրեական օրենսդրությունը և մեր ներկա քրեական օրենսդրությունը արարքի պատժելիությունը սահմանելիս առավել քան հենվում են արարքի քրեաիրավական հանցավորության վրա, ու անձը բնութագրող հատկանիշները ստորադասվում են: Ապագա օրենսգրքում սա պիտի փոխվի»,- նշեց Գագիկ Ջհանգիրյանը:
Գործող քրեական օրենսգրքի կատարելագործման մեջ այս փոփոխությունը, ըստ Ջհանգիրյանի, կարևոր է:
«Այս փոփոխությանը սպասում են հազարավոր մարդիկ: Տասնյակ չարաշահումներ են լինում այս ոլորտում, և անձնական չափանիշների մուտքագրումը՝ պայմանական վաղաժամկետ ազատման մասին, կարելի է միայն դրական համարել»,- նշեց պատգամավորը:
