Թաթուլ Հակոբյան.«Մեծահարուստների երեխաներն ընդհանրապես առաջնագիծ չեն մեկնում»
Լրագրող Թաթուլ Հակոբյանն ավելի քան մեկ շաբաթ Արցախի մարտական դիրքերից լուսաբանել է քառօրյա պատերազմը, ներկայացրել հակառակորդի կողմից խոցված գյուղերի վիճակը, անդրադարձել մարդկային պատմությունների, զրուցել զինվորականների հետ:
Past.am-ի հետ զրույցում, պատասխանելով մեր այն հարցին, թե առաջնագծում բարձրաստիճան պաշտոնյաների զավակների հանդիպե՞լ է, Թաթուլ Հակոբյանը ասաց հետեւյալը. «Ես կասկած չունեմ, որ բարձրաստիճան պաշտոնյաների եւ մեծահարուստների երեխաները չեն զոհվում առաջնագծում: Նրանք ընդհանրապես առաջնագիծ չեն գնում: Ես համոզված եմ, որ նրանք ընդհանրապես բանակ չեն գնում, իսկ եթե գնում են, ծառայում են էնպիսի տեղերում, որ անվտանգ է եւ անում են այն, ինչ ցանկանում են: Ես մեկ ուրիշ բան պետք է ասեմ. զոհերի մեջ քիչ չեն սպաները, որոնք, չէր կարելի ասել, թե վատ էին ապրում: Էս պատերազմը էն դեպքը չէր, որ մենք ասենք՝ առաջնագծում միայն աղքատ երեխաներն էին: Բայց սա շատ ճիշտ հարց է եւ պետք է անընդհատ դնել իշխանությունների առաջ: Արդյո՞ք պետք չէ, որ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը եւ մյուս երիտհանրապետականները ծառայեն: Լրագրողներս պետք է ամեն առիթով էս մարդկանց ցույց տանք, որ պետք չէ ամեն առիթով կամուֆլյաժը հագնել եւ գնալ առաջնագծում սելֆի անել»: