Տավուշցիները բանջարեղեն կաճեցնեն թայվանական տեխնոլոգիաներով
Տավուշի մարզի 15 գյուղեր մշակաբույսերն այսուհետ կաճեցնեն նոր՝ թայվանական սերմերով ու տեխնոլոգիաներով: Արդյունքում կբարձրանա բերքատվությունն ու կընդլայնվեն ապրանքային բերքի ծավալները: ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում «Սուրբ Հեղինե» բարեգործական ՀԿ-ն հուլիս-նոյեմբեր ամիսներին Տավուշի մարզի 15 գյուղերում «Կլիմայի փոփոխության պայմաններում` բարձրարժեք բանջարեղենների արտադրության գործընթացում թայվանական արդի տեխնոլոգիաների կիրառումը` որպես տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացման խթան, գյուղաբնակ բնակչության եւ երիտասարդների ներգրավմամբ» խորագրով ծրագրի շրջանականերում անցկացնում է տեղեկատվական սեմինար-քննարկումներ, որոնց ընթացքում գյուղաբնակ ֆերմերներին ներկայացվում են թայվանական տեխնոլոգիաները, տրամադրվում Թայվանից բերված եւ թայվանական տեխնոլոգիաներով ստացված տեղական սերմեր: «Սուրբ Հեղինե» ԲՀԿ-ի գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի պատասխանատու Կարինե Սառիկյանի տեղեկացմամբ՝ թայվանական տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս նոր մոտեցում ցուցաբերել բանջարեղենի աճեցման ավանդական մեթոդներին եւ ստանալ ավելի բարձրորակ ու ապրանքային բերք, բարձրացնել տվյալ տնտեսության եկամտաբերությունը: Այս առումով կարեւոր դերակատարություն կարող է ունենալ տարբեր տեսակի տնկիների արտադրամասի հիմնումը: Կարինե Սառիկյանը շեշտեց. «Գրեթե բոլոր մարզերում տնկիների մեծ պահանջարկ կա, քանի որ դրանք բավականին թանկ են վաճառվում: Եթե կարողանանք նման արտադրամաս ստեղծել եւ օգտագործել թայվանական տեխնոլոգիաները, գոնե երկու-երեք գյուղի կարիքներ կարող են բավարարվել»: Ֆերմերները թայվանական սերմերը կփորձարկեն գարնանը: Տավուշի Սեւ քար գյուղի ֆերմերներին եւս տրամադրվեցին թայվանական սերմեր ու ծանոթացրին նորագույն տեխնոլոգիաներին:
