ՏԱՎՈՒՇԵՑԻՆ ԱՆՊԱՐՏ Է, ԵՒ ԿԱՌՉԱԾ ԻՐ ՍՐԲԱԶԱՆ ՀՈՂԻՆ. ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Չնաշխարհիկ բնօրրան է Տավուշ աշխարհը, շրջապատված բարձրաբերձ լեռներով, կապուտաթույր գետակներով, ծավի լճերով։ Համատարած ծաղկունք է, ու ժայռեղեն հուշարձաններ, ուր կնիքված է հայոց լուսեղեն պատմության փառահեղ դրոշմը։ Դարակերտ պատմության էջերում Տավուշ աշխարհը թողել է անջնջվելի պատմություն, ուր խոսում է հայոց վեհապանծ հոգին։ Սահմանապահ է Տավուշ աշխարհը, իր խիզախ քաջորդիներով, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենի օրրանի անսասանության։ Նրանց գործն անմահ է, նրանց փառքը հավերժ։ Այս օրերին գտնվելով Տավուշ աշխարհում, մեկ անգամ ևս համոզվեցի, որ տավուշեցին անպարտ է, և անխզելի։ Նրանց անկարող են ներքին և արտաքին թշնամիները սադրանքների տանել։ Նրանք կառչած են իրենց սրբազան հողին խորը արմատներով, տավուշեցին երբեք չի լքում իր հողը, նա ծաղկեցնում է, շենացնում իր բնօրրանը, ամրացնելով սահմանները։ Ամենուրեք ասֆալտապատ ճանապարհներ, ծաղկազարդ պարտեզներ,պուրակներ, անտառներ ու այգեստաններ են քեզ ողջունում։ Անվախ է, աշխատավոր և հյուրասեր տավուշեցին։
Անպարտելի է հողը Հայկանուն,
Բերդերով կանգուն ու վսեմաշուք,
Հզոր է գենը Հայկազունների,
Եվ վեհանուն է հողը Հայկավանդ։
Ուտիքի լուսե պսակն է վառվում,
Խաղխաղն իր շենշող լույսն է տարածում,
Գետերի անուշ կարկաչն է լսվում,
Հայոց հողն է հար ասքեր արարում։
Բարձրաբերձ լեռներ Տավուշ աշխարհի,
Ձեր գրկում անմար լույսեր են վառվում,
Ու ծնվում են նոր Սասնա Դավիթներ,
Նոր հաղթությունով ու նոր փառքերով։
Նարեկ Պապոնց Առաքելյան
