Տավուշի մարզպետը 10:0 արեց օլիգարխներին և մշակույթի նախարարությանը
Եկամտաբե՞ր է արդյոք այսօր Հայաստանում սուրբ լինելը: Առաջին հայացքից՝ ոչ, սակայն եթե ավելի խորը նայենք և դա դիտարկենք որպես PR, ապա հետագայում դա կարող է լավ էլ եկամուտներ բերել: Սովորաբար լուրջ քաղաքական գործիչներն ու բիզնեսմենները իրենց PR-ի համար գումար չեն խնայում, քանի որ գիտեն, որ լավ վարկանիշը միշտ էլ փող կբերի:
Այսինքն, ի դեմս Տավուշի նորանշանակ մարզպետի՝ մենք ունենք բավականին լուրջ և հեռատես մի գործիչ, ով մինչ մեծ փողեր աշխատելուն անցնելը նախ իր համար «առաքյալի» իմիջ է ձևավորում՝ իր նկարը իբրև թե նկարչի նախաձեռնությամբ տեղադրելով եկեղեցու պատին, հետո էլ ասում է, թե ինքը տեղյակ էլ չէր, նկարիչն է այդպես ուզել: Տեսեք ինչպիսի ժամանակակից PR տեխնոլոգիաներ է կիրառում «սուրբ» Հովիկը, ինչպիսի դիվանագետ մտածողություն...
Թե չէ, օրինակ, Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը ինչ-որ պրմիտիվ քայլեր են անում, եկեղեցիներ են կառուցում, այնտեղ մոմ վաճառում, հարսանիք, ծնունդ, կնունք, բանակի քեֆ, նաև փակ արարողություններ անում՝ հանդիսություններ, ընդունելություններ, և եկամուտ ստանում: Արդեն կիրառվել է նույնիսկ եկեղեցիները հաճախորդների համար փակելու և ներսում շքեղ միջոցառումներ անցկացնելու մշակույթը, Մշակույթի «բանից բեխաբար» նախարարությունն էլ իր կողմից մի նոր «մշակույթ» է առաջարկել՝ եկեղեցիներում, տաճարներում բիկինիով ցուցադրություններ ու փարթիներ կազմակերպելը, և սրբավայրերը օրավարձով հանձնելը: Կարծում եմ, մեծն օլիգարխներն այս «մշակույթն» էլ արագ կընդօրինակեն և լավ էլ փողեր կաշխատեն, մանավանդ սեփական եկեղեցիներ էլ ունեն: Բայց սա պրիմիտիվ է, շատ պրիմիտիվ և վարկանիշի համար խիստ վնասակար: Նրանց քննադատում են, փնովում, մեղադրում սրբություն պղծելու մեջ և անիմաստ խոսակցություններ են շրջանառվում նրանց անձերի շուրջ, ինչը նրանց այդքան էլ պետք չի:
Իսկ Հովիկ Աբովյանն իր այս քայլով օլիգարխներին և Մշակույթի նախարարությանը 10:0 արեց, ջախջախեց, ցույց տվեց, որ ինքը թեպետ նրանց չափ փող չունի, բայց ավելի խելացի է, հեռատես: Նա գիտի, թե որտեղից է սկսում, ինչ է անում և ուր է գնում:
Արտյոմ Եդիգարյան
