Տավուշում 49-ամյա տղամարդու վրա կրակել են՝ շփոթելով ադրբեջանցու հետ
Տավուշի մարզի Վերին Ծաղկավանի բնակիչ Ալիկ Հ.-ն մեղադրվում է սպանության փորձ կատարելու մեջ: Այս մասին հայտնում են Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ հունվարի 4-ին 22:00-ի սահմաններում Ալիկ Հ.-ն հանդիպել է ճամփեզրով քայլող իրեն անծանոթ 49-ամյա Վիկտոր Օ.-ին, որը խուսափել է իրենից և անհասկանալի լեզվով է խոսել: Այս ընթացքում Վիկտոր Օ.-ն ձեռքը տարել է աջ ծոցագրպանը, որից Ալիկը եզրակացրել է, թե նա Ադրբեջանի քաղաքացի է, եւ իր մոտ գտնվող որսորդական հրացանով դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակել է Վիկտորի ուղղությամբ: Վերջինս ստացել է հրազենային վնասվածք:
Ալիկ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: