Տավուշը չի ներելու ձեզ, լավ իմացեք. Գրիգոր Բալասանյան
«Էս հողը մերն ա, էն հողը մերը չի....Երկար ժամանակ է հայ հասարակությունը փոթորկվում է։ Երկիրը կանգնած է տարածքներ զիջելու վտանգի առաջ։ Ցավալին այն է, որ այդ մասին խոսում եւ ազերիների տարածքային պահանջները կարծես հիմնավորում են նաեւ իշխանական էլիտայի ներկայացուցիչները։ Բոլորի ուշադրությունը սեւեռված է Սյունիքի վրա։ Բայց մեր ուշադրությունից չպետք է վրիպի նաեւ Տավուշը։
Ակնհայտ է, որ հաջորդ ցավալի զիջումները լինելու են հենց այնտեղ։ Իշխանականները խոսքերը մեկ արած կրկնում են, որ Տավուշում կան ադրբեջանական անկլավներ։ Խոսողներից են նաեւ ծնունդով իջեւանցի որոշ պաշտոնյաներ։ Տղերք, ով-ով, բայց դուք լավ գիտեք, թե դրանք ինչ անկլավներ են։ Բա էտ որ ասում եք, ինչի չեք ասում, որ ԽՍՀՄ ժամանակների Ղազախի ԳԱՅ-ի պոստից դեպի Ղազախ ընկած արեւելյան ու արեւմտյան հատվածի հողերը նույնպես մերն են։ Աջ կողմը Լալիգյուղի խաղողի այգիներն են, ձախը Աչաջրի ու Սեւքարի։ Ձախ հատվածում է նաեւ «Հայոց օջախ» ռեստորանը, որը նույնպես կառուցվել է մեր տարածքի վրա։ Ես հասկանում եմ որոշ իշխանականների վերաբերմունքը լուսահոգի Ջեմմա Անանյանի անձի նկատմամբ։ Բայց եթե Հայրենիքը թանկ է ձեր համար, ինչպես ինքներդ եք ամեն օր հայտարարում, վեր կանգնեք անձնական մանր խնդիրներից, կարդացեք Ջեմմա Գուրգենովնայի «Հայոց օջախը պատանդ» գիրքը, որը Իջեւանի առաջին քարտուղարի հիշողություններն են։
Կարդացեք, թե ինչպես են կառուցել այդ ռեստորանը, որը սոսկ ռեստորան չէր, այլ մի շենք, որը կանգնած էր Հայոց սահմանների եզրին։ Կարդացեք, հետեւություններ արեք, որ հետո չասեք՝ բա մենք չգիտեինք։ Երեւանցի, ապարանցի, գավառցի ձեր գործընկերները կարող են հետո հայտարարել, որ չգիտեին այդ մասին։ Իջեւանցիներ, արժանի եղեք մեր մեծ հայրենակիցներին՝ Սեւքարեցի Սաքոյին, ցարական բանակի գեներալ, Վարշավայի ապստամբությունը ճնշած գեներալ Վարշամովին։ Տավուշը չի ներելու ձեզ, լավ իմացեք»:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
