Տեր-Պետրոսյանը «Սրտիս պարտքը» մահախոսական հոդվածով փորձում է մաքրել իր հետքերը.
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդես է եկել հերթական հոդվածով: Այն վերնագրված է «Սրտիս պարտքը», և դրանում Տեր-Պետրոսյանը փորձում է վերլուծել, թե վերջին տարիներին ինչ տեղի ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:Տեր Պետրոսյանը քննադատում է Գագիկ Ծառուկյանին քննադատողներին և չարախնդացողներին և բարձր է գնահատում վերջին տարիների նրա քաղաքական գործունեությունը՝ նկատելով, որ Ծառուկյանի ձախողման պատճառը քաղաքական փորձի պակասն էր ու ԲՀԿ-ում մի խումբ խառնակիչների գոյությունը, որոնց անունները Տեր-Պետրոսյանը չի ուզում տալ:
Ընթերցողը նկատեց, թերևս, որ այս ոճը շատ է նման մահախոսականի: Չմտածեք, թե սա պատահականություն է. Տեր-Պետրոսյանը այս հոդվածով մոտավորապես ասում է, թե Ծառուկյանի հիշատակը վառ կմնա մեր սրտերում, չի կարելի նրա մասին վատ բաներ ասել: Հենց սրանում է հոդվածի ամենակարևոր իմաստը. Վերջին շրջանի քաղաքական իրադարձությունների մասին Հայ ազգային կոնգրեսի նախագահը խոսում է դիտորդի նման, կարծես ինքն այդ ամենի հետ որևէ կապ չի ունեցել, այլ ընդամենը որպես պատմաբան ու քաղաքագետ հետևել է պրոցեսին:
Տեր-Պետրոսյանը թվացյալ վեհանձն ձևով պաշտպանում է Ծառուկյանին, իրականում ինքն իրեն է պաշտպանում, որովհետև գիտի՝ ԲՀԿ նախագահին ուղղված էմոցիաների պարպումից հետո հարցերի հասցեատերը ինքն է դառնալու որպես ներքաղաքական կաշայի հիմնական հեղինակ: Բայց հիմա նա «քաղաքական մահախոսական» է գրել Ծառուկյանի մասին, որովհետև մտածում է, որ եթե Ծառուկյանին քաղաքականապես թաղի, իր ու իր ղեկավարած ՀԱԿ-ի գործունեության հետքերն էլ հետն է թաղելու:
Տեր-Պետրոսյանն այս հարցում չարաչար սխալվում է. Ծառուկյանի քաղաքականության մեջ դրսևորվելու թեկուզ տեսական, բայց չնչին շանսեր դեռևս ունի: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, նրա ժամանակը անցել է վաղուց, չնայած նրա 25-ամյա գործունեության դառնահամը դեռ երկար կմնա քաղաքական մթնոլորտում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
