Տեր-Պետրոսյանը խլե՞ց Ծառուկյանին Քոչարյանից (Տեսանյութ)
Եռյակի վերջին հանրահավաքում առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու ՕԵԿ-ը շարժման հետ որևէ առնչություն չունեն՝ հավելելով, որ եթե նրանք ուզում են իրենցից անկախ պայքարել «սարգսյանական ռեժիմի» դեմ՝ թող պայքարեն, ոչ ոք նրանց չի խանգարում:
Այսօր եռյակի հետ հանրահավաքների մասնակցող «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը մեր հարցին, թե սա նշանակո՞ւմ է, որ Տեր-Պետրոսյանը խլեց Ծառուկյանին Քոչարյանից, պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այդ առումով որևէ բան նշանակում է: Մարդը առաջարկություն է արել, դա իր անձնական տեսակետն է, և դա եռյակի որոշում չէ: Ես շատ լավ գիտեմ, որ շարժումը, այդ թվում և ՀԱԿ-ը, մեծ կոնսոլիդացիայի կողմնակից են, լուծելու ընդհանուր խնդիրներ ունեն: Դա չի նշանակում, որ ինչ-որ մեկին ինչ-որ մեկից խլել են, որևէ մեկը որևէ մեկինը չի էլ եղել, որ հիմա անհրաժեշտություն լինի ինչ-որ մեկին ինչ-որ մեկից խլել»:
Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա Գառնիկ Իսագուլյանի խոսքերով՝ ցանկացածը կարող է միանալ շարժմանը: «Ով կարող է իր ներդրումը ունենալ՝ կարող է ունենալ, և որևէ մեկին տրված չի ասելու՝ ով իրավունք ունի, ով չունի»,- ի պատասխան ասաց Իսագուլյանը:
Տեսանյութը` 1in.am-ի
