Տեսակցության նոր կարգ՝ ծանր հանցագործության և ցմահ դատապարտվածների համար
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունն օրենսդրական նոր նախաձեռնությամբ է հանդես եկել: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է մի նախագիծ, ըստ որի «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվելու է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք:
Նախագծի հիմնավորման մեջ նշվել է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի «Դատապարտյալի կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ» վերտառությամբ 92-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ դատապարտյալներին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն 1 կարճատև տեսակցություն՝ մինչև 4 ժամ տևողությամբ և երկու ամսվա ընթացքում առնվազն 1 երկարատև տեսակցություն՝ մինչև 3 օր տևողությամբ:
Միաժամանակ, հոդվածում նշված կարգավորումներից բացառություն է նախատեսվում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվող տեսակցությունների դեպքում, այն է՝ տարվա ընթացքում առնվազն երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն:
Ընդգծվել է, որ ներկա պայմաններում հաշվի չի առնվում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կարգավիճակով պայմանավորված առանձնահատկությունները, և ներկա իրավակարգավորման շրջանակներում խաթարվում է վերջիններիս կապը ընտանիքի և արտաքին աշխարհի հետ, որը կարող է ուղեկցվել բազմաթիվ հոգեբանական խնդիրներով՝ բարձրացնելով կրկնահանցավորության ռիսկերը, ինչպես նաև ոտնահարելով դատապարտյալի ընտանիքի անդամների, առավելապես երեխաների` ծնողների հետ շփման իրավունքը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։