2017թ. դեկտեմբերի 10-ին հաղորդում է ստացվել առ այն, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19:40-ից 20:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանում գործող օպտիկական սրահներից մեկից հափշտակել է քաղաքացու պայուսակը, որի մեջ եղել են ՍՊԸ-ի կնիք, փաստաթղթեր, բանկային քարտ: Նույն օրը գողացված բանկային քարտով կատարվել է գումարի կանխիկացման փորձ:

 Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի, 324-րդ հոդվածի 1-ին մասի և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են երկու երիտասարդ փորձում գողացված բանկային քարտով բանկոմատից գործարք կատարել:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու, այլ քաղաքացու բանկային քարտը նրանց մոտ հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: