Տեսախցիկներն արձանագրել են խանութից կոնյակի գողության դրվագը (Տեսանյութ)
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Պուշկինի փողոցում գործող խանութներից մեկում գողություն կատարած անձի ինքնությունը։
2015 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12:52-ին, առերևույթ հանցագործություն կատարած անձը հանրախանութի՝ կոնյակների համար նախատեսված ցուցափեղկից հափշտակել է «Նաիրի» տեսակի կոնյակ՝ պատճառելով ընկերությանը զգալի չափի վնաս:
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են խանութում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ պատկերված է գողության դրվագը։
Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութի մեջ պատկերված տղամարդու ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: