Տեխասի գլխավոր դատախազությունը դատի է տվել Facebook-ին
Տեխասի գլխավոր դատախազությունը դատի է տվել Facebook-ին՝ պնդելով, որ սոցցանցերի հսկան խախտել է գաղտնիության պետական պաշտպանությունը դեմքի ճանաչման տեխնոլոգիայի միջոցով եւ կենսաչափական տվյալներ է հավաքել միլիոնավոր տեխասցիներից` առանց նրանց համաձայնության, հայտնում է Reuters-ը։
Հայցում Facebook-ը մեղադրվում է օգտատերերի կողմից առանց նրանց համաձայնության վերբեռնված լուսանկարների եւ տեսանյութերի միջոցով կենսաչափական տեղեկություններ հավաքելու, տեղեկատվությունն ուրիշներին հայտնելու եւ ողջամիտ ժամկետում այն չոչնչացնելու մեջ:
«Սա Big Tech-ի խարդախ գործարար փորձի եւս մեկ օրինակ է, եւ այն պետք է դադարեցվի: Ես կշարունակեմ պայքարել տեխասցիների գաղտնիության եւ անվտանգության համար»,- ասվում է գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնի հայտարարության մեջ։
Պատասխանելով դատավարության մասին հարցին՝ Meta-ի ներկայացուցիչն ասել է. «Այդ պնդումներն անհիմն են, եւ մենք եռանդուն կերպով պաշտպանվելու ենք»:
Նոյեմբերին ընկերությունն իր բլոգում հայտարարեց, որ անջատում է դեմքի ճանաչման համակարգը եւ ջնջում է ավելի քան մեկ միլիարդ մարդու տեղեկատվությունը։ Այն մեջբերել էր տեխնոլոգիայի օգտագործման հետ կապված մտահոգությունները եւ դրա օգտագործման կանոնների վերաբերյալ անորոշությունը, ինչպես նաեւ համաձայնեց 650 միլիոն դոլար վճարել 2020 թվականին՝ նմանատիպ խնդիրներին վերաբերող Իլինոյսի դատական հայցը լուծելու համար:
Նոր հայցը, որը ներկայացվել էր Տեխաս նահանգի Մարշալի նահանգային դատարան, պնդում է, որ 20.5 միլիոն տեխասցիներ էջ ունեն Facebook-ում:
«Facebook-ի ոչ իրավաչափ վարքագծի մասշտաբներն ապշեցուցիչ են»,- ասվում է հայցում։ «Facebook-ը բազմիցս առանց համաձայնության որսացել է տեխասցիների կենսաչափական իդենտիֆիկատորները՝ ոչ թե հարյուրավոր, հազարավոր կամ միլիոնավոր անգամներ, այլ՝ միլիարդավոր անգամներ»,- ասվում է հայցում;
Լուրեր Հայաստանից - NEWS.am
!
