Տեղի կունենա «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստների մեծարումը
40 տարի առաջ` 1973 թվականի հոկտեմբերի 10-ին, Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան կենտրոնական ստադիոնում կայացավ Երեւանի «Արարատի» եւ Կիեւի «Դինամոյի» պատմական հանդիպումը, որում երեւանցիները հաղթեցին 2:1 հաշվով եւ նվաճեց Խորհրդային Միության բյուրեղապակյա գավաթը: Այսօր էլ հայկական ֆուտբոլի երկրպագուների հիշողության մեջ թարմ են «Արարատի» անզուգական խաղն ու Լեւոն Իշտոյանի երկու հաղթական գոլերը: Այդ հանդիպումից օրեր անց Երեւանի «Հրազդան» ստադիոնում կայացավ Երեւանի «Արարատի» եւ ռուսական «Զենիթի» հանդիպումը, որում «Արարատի» անփոխարինելի ավագ Հովհաննես Զանազանյանի եւ Էդուարդ Մարգարովի հրաշալի գոլերի արդյունքում դաշտի տերերը հաղթեցին 3:2 հաշվով՝ նվաճելով նաեւ Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը: Երեւանի «Արարատը դարձավ 6-րդ թիմը, որը մեկ մրցաշրջանում դարձավ ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր: «Հայկական ֆուտբոլի լեգենդ «Արարատ-73-ը» 40 տարի անց՝ հոկտեմբերի 10-ին. ՄԵԾԱՐՈՒՄ». այս խորագրով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Արարատի» փառահեղ հաղթանակի օրը կմեծարի հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի ֆուտբոլիստներին, մարզիչներին, վետերաններին: ՀՖՖ նախագահի հրավերով Երեւան կժամանի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Տարբեր երկրներից Երեւան կմեկնեն նաեւ «Արարատ-73»-ի աստղերից Լեւոն Իշտոյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Նազար Պետրոսյանը, Արմեն Սարգսյանը, Արկադի Հարությունյանը եւ ամբողջ թիմը՝ իր հռչակավոր գլխավոր մարզիչի ղեկավարությամբ՝ կրկին կհավաքվի մեկ հարկի տակ: Տոնական հանդիսավոր երեկոյին սպասվում են բազմաթիվ անակնկալներ եւ հաճելի պահեր, որոնք ընդմիշտ կմնան մասնակիցների հիշողության մեջ, փոխանցում է ՀՖՖ կայքը: