Տեղի կունենան նորվեգացի և արցախցի երաժիշտների մասնակցությամբ համերգներ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում. ապրիլի 17-ին Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում և ապրիլի 18-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենան նորվեգացի և արցախցի երաժիշտների մասնակցությամբ համերգներ:
Համերգներին կմասնակցեն Նորվեգիայից հրավիրված երաժիշտներ Մարինա Կան Սելվիկը /դաշնամուր/, Մատիաս Յենտոֆտը /ջութակ/, Յակոբ Դինգստադը /ալտ/, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ զինծառայողներ, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ` դուդուկահարներ Գեորգի Մինասյանը, Արթուր Մկրտումյանը և քամանչահար Ռաֆայել Շահբազյանը: Համերգներին զուգահեռ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կանցկացվեն դաշնամուրի վարպետության դասեր և դասախոսություն նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի կյանքի ու գործունեության մասին:
Նման միջոցառումները խթանում են մշակութային երկխոսության զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաև հնարավորություն են ընձեռում Արցախի ժողովրդին` իր երախտագիտությունը հայտնելու Հայոց ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին օգնություն ցուցաբերած, որբացած հազարավոր հայ մանուկներին պատսպարած ու պաշտպանած բոլոր միսիոներներին:
Նորվեգացի արվեստագետների հետ համագործակցությունը սկիզբ է առել 2011թ, մասնավորապես, դաշնակահարուհի Մարինա Կան Սելվիկն իր ամուսնու` նորվեգացի կոմպոզիտոր Էսպեն Սելվիկի հետ մասնակցել է Արցախում անցկացված նորվեգացի գիտնական, բևեռախույզ և մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումներին, իսկ Արցախի պետական կամերային նվագախումբը 2012թ. համերգներով հանդես է եկել Նորվեգիայի Բերգեն քաղաքում:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն