Տիգրան Կարապետյանին հանդիպման չեն հրավիրել
Խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն», անընդհատ հայտարարում են, թե համաժողովրդական շարժում է, սակայն արտախորհրդարանական ոչ մի ուժի չեն հրավիրում հանրահավաքներին: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը` պատասխանելով հարցին, թե այսօր նա ինչով է զբաղվում:
«Զբաղվում եմ քաղաքականությամբ, մեր կուսակցության խորհուրդը հանդիպումներ է անցկացնում գյուղերում, քաղաքներում: Սակայն չենք ակտիվանում, Ազատության հրապարակ չենք գնում` մասնակցելու եռյակի հանրահավաքներին, քանի որ մեզ չեն հրավիրում: Ասում են` համաժողովրդական շարժում, բայց մեզնից ոչ մեկին չեն հրավիրում»,- նշեց Տիգրան Կարապետյանը:
Լրագրողների այն հարցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պարբերաբար հանդիպումներ է անցկացնում տարբեր ուժերի հետ, Կարապետյանը նշեց, որ իրեն ոչ մեկը հանդիպման չի հրավիրել:
