Տիգրան Սարգսյանն այցելել է «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերություն
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Թումո ստեղծարար կենտրոնում տեղակայված «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերություն՝ ծանոթացել վերջինիս նորաբաց գրասենյակում ստեղծված պայմաններին և գործունեությանը:
Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նախ շնորհավորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բոլոր մասնակիցներին՝ վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրում այս բնագավառում արձանագրվող հաջողությունների կապակցությամբ: Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին ՏՏ ոլորտում, որը կառավարության գերակայություններից մեկն է, տեղի են ունենում որակական փոփոխություններ: Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ունի առաջնակարգ ընկերություններ ներգրավելու կարիք, որոնք իրենց հետ բերում են նոր մշակույթ, հնարավորություն են տալիս Հայաստանում ձևավորել նոր ինստիտուտներ և հարաբերություններ: «Մի կողմից դա հնարավորություն է տալիս, որպեսզի զգանք, որ այդ կապերի շնորհիվ համաշխարհային տնտեսության մեջ ունենք մեր դերակատարությունը, մյուս կողմից՝ թույլ է տալիս ավելի արագ տեմպերով իրականացնել բարեփոխումներ: «Մենթոր Գրաֆիկս»-ն այդ ընկերություններից մեկն է և նրա հաջողությունները Հայաստանի Հանրապետությունում մեզ ոգևորում են: Մենք պետք է շարունակենք մեր ռազմավարությունը, որպեսզի նմանատիպ ընկերություններն իրենց հարմարավետ զգան մեր բիզնես միջավայրում»,- ասել է կառավարության ղեկավարը: ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ևս կարևորել է առաջատար ընկերությունների ներգրավումը հայաստանյան շուկա և նշել.«Ցանկանում եմ շնորհավորել վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում այնպիսի պայմաններ ապահովելու համար, որոնց արդյունքում այստեղ են հայտնվում այսպիսի միջազգային ներդրողներ, ինչպիսին է նաև «Մենթոր Գրաֆիկս Կորպորացիա»-ն»:
