Տորթ մարդուկներ ` հայտնիները քաղցրացած PHOTO
Հայազգի հրուշակագործ Վերա Հովհաննիսյանը, ով դեռ մանուկ հասակից հետաքրքրել է հրուշակագործությամբ, այսօր արդեն իր ուրույն տեղն ունի «քաղցր» աշխարհում:
31-ամյա Վերան իր կարիերան սկսել է դեռ մանուկ հասակից, խոհարարական արվեստի նկատմամբ սերն ու տաղանդը փոխանցվել է պապից ու ծնողներից: Վերայի խոսքերով՝ նրա ծնողները արտադրամաս ունեին, որտեղ էլ նա երկար ժամանակ է անց կացրել մանուկ հասակում և առաջին քայլերն էլ հենց այնտեղ արել: Այսօր Վերան բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է: 20 տարեկանում նա ստացել է իր առաջին ոսկե մեդալը Մալթայում:
Վերան պատրաստում է ամենատարբեր ոճի և համի տորթեր: Նա ունի հսկայական` հարսանեկան, ծննդյան, կորպորատիվ միջոցառումների, ինչպես նաև օրիգինալ և չկրկնվող տորթերի բազա: Նրա ստեղծագործությունների մեջ աչքի են ընկնում հատկապես հայ աստղերի տեսքով տորթերը:
«Հայ աստղերի պատկերներով տորթերս շաքարից են պատրաստված, շատ համեղ են: Հայ աստղերի տեսքով տորթերս բոլորը շատ են հավանել, շատ դրական արձագանքներ եմ լսել: Բացի երկրպագուներից, դրանք նաև հավանության են արժանացել հենց նրանց կողմից, ում կերպարով պատրաստել եմ տորթերը: Հիմնականում աստղերի քաղցր տեսակները ես ինքս եմ ընտրել, թե ում պատրաստել, միայն Սոֆի Մխեյանի տորթը պատվիրել էր Նազենի Հովհաննիսյանը` նրա ծննդյան օրվա առիթով»:
Վերան նշեց, որ իրենց սիրելի աստղերի համեղ տեսակները կարող են պատվիրել նաև իրենց երկրպագուները:
Այժմ Վերան իր զույգ քրոջ` Ռենայի հետ, ով ևս զբաղվում է հրուշակագործությամբ, գտնվում են Մոսկվայում, որտեղ միասին աշխատում են ընտանեկան հրուշակագործության արտադրամասում: Ռենան ևս բազմաթիվ հաջողություններ է գրանցել: Քույրիկի հետ մասնակցել է օլիմպիադայի, ինչպես նաև մրցույթներում արժանացել ոսկե մեդալի: Վերան մեծ ոգեւորությամբ նշեց, որ իրենց փոքրիկ քույրիկը` Իրինան, ևս իր առաջին քայլերն է անում հրուշակագործության մեջ և նրա մոտ դա շատ լավ է ստացվում:
Վերան Մոսկվա է մեկնել գործնական նպատակով և շուտով Երևան կվերադառնա:
Խոսելով անձնականից՝ Վերան նշեց, որ սիրելիի հետ բաժանումից հետո դեռևս նորություններ չկան, և ինքն էլ չի շտապում այդ առումով ինչ-որ քայլեր ձեռնարկել:
Վերա և Ռենա Հովհաննիսյան քույրիկները