Թովմասյանի նվերը Ռուբեն Հայրապետյանին. պատգամավորների սեղանին արդեն միշտ «Նոյ» է լինելու
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ ԱԺ նիստերի դահլիճում բոլոր պատգամավորների առջեւ ապակե շշերով «Նոյ» էր դրված: Երիտասարդ մի տղա ջրի շշերն ակտիվորեն կրում էր միջանցքներով: Երբ հարցրեցինք՝ ինչի՞ կապակցությամբ է, պատասխանեց, որ ամեն օր բերելու են:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մեր թղթակցի հարցին՝ ինչո՞ւ է դահլիճում բոլոր պատգամավորների առջեւ «Նոյի» շշեր դրված, պատասխանեց. «Դե, ջուր է, խմում են, ամեն տեղ ընդունված է, միջազգային բոլոր կազմակերպություններում, սիմպոզիումներին, կոնֆերանսներին դահլիճում ջուրը դրված է, հիմա այս բարիքը հասել է նաեւ հայ պատգամավորներին»:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը մեզ փոխանցեց, որ դա եղել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի որոշումը: «Ազգային ժողովը պայմանագիր ունի եւ «Բջնիի», եւ «Ջերմուկի» հետ, գնումների գործընթացով է դա իրականացվում, փորձելու ենք մշտապես ապահովել ջուրը»,-ասաց Բաբայանը:
Հիշեցնենք, որ «Նոյ» ջուրն արտադրում է «Բջնի» գործարանը, որը Ս. Սարգսյանի որոշմամբ խլվեց ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից եւ տրվեց մեկ այլ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
