Թշնամի քայլելով հասել է Հադրութ, դե եթե հանձնել չի` բա ինչ է. Բացառիկ մանրամասներ.Iravunk.com
«Հադրութը վերցրեցին բառացիորեն իմ աչքի առջև։ Վերցրեցին առանց Բայրաքթարների, առանց զրահատեխնիկայի, առանց ինքնաթիռների ու առանց քանակական առավելության»,- նման հայտարարությամբ օրերս հանդես է եկել «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոնիսյանը:
Որքանո՞վ է վերջինիս պնդումը իրականությանը մոտ, կիսո՞ւմ են արդյոք հադրութեցիները վերջինիս պնդումը «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել Հադրութի, այսօր այլեւս նախկին քաղաքապետ Վահան Սավադյանից, ով.
-Հանձնել են, բա ինչ են արել: Անգործություն էր ինչպես գերագույն գլխավոր հրամանատարի, այնպես էլ նախկին ու ներկա գեներալների կողմից, որեւէ մեկին հետաքրքիր չէր կազմակերպել Հադրութի պաշտանությունը:
-Ո՞վ էր պաշտանում Հադրութը:
-Աշխարհազորի տղաները հիմնականում ու ցաքուցրիվ բանակայիններ, ոչ մեկ չգիտեր, ով է ղեկավարում, ինչ ոնց: Ոչ զորք կար, ոչ նորմալ համախմբող, ինքնաբուխ ջոկատներ էր էին, ով ինչ կարում անում էր: Մենակ Արթուր Աղաբեկյանին ենք տեսել ու վերջ: Թշնամի քայլելով հասել է Հադրութ, դե եթե հանձնել չի` բա ինչ է:
-Ո՞վ էր Հադրութի զորամասի հրամանատարը:
-Այդ ժամանակ ամեն ինչ խառն էր, չգիտեմ, ով ուր էր, ով` ով էր: Չկար նորմալ դիմադրություն, իբր բանակ կա, բայց կարծես ինքնաբուխ, ընդամենը լինելու համար: