«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ մահափորձի համար հետախուզվողները հայտնաբերվեցին (ֆոտո)
Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայողները, հետեւողական, լայնածավալ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սերտորեն փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել են սեպտեմբերի 14-ին Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին եւ 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին: Այդ մասին հայտնում է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Նրա խոսքով, այս պահին քննարկվում են նրանց Հայաստան տեղափոխելու ընթացակարգի մանրամասները:
Uեպտեմբերի 14-ին Երեւանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը եւ 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը «Մակարով» ատրճանակից եւ «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էին արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ մարդ սպանվել էր, մյուսը՝ վիրավորվել։ Վիրավորը Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանն էր։
Սեպտեմբերի 15-ին որոշում էր կայացվել Ալբերտ Բլբուլյանին, Արմեն Կարադավիդովին եւ Ռաֆիկ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ հետախուզում հայտարարելու մասին:
Սեպտեմբերի 22-ին, ոստիկանության մի մի շարք ստորաբաժանումների համագործակցված եւ արդյունավետ գործողությունների արդյունքում Ռաֆիկ Խաչատրյանը հայտնաբերվեց Կոտայքի մարզում ու բերման ենթարկվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Ալբերտ Բլբուլյանի եւ Արմեն Կարադավիդովի հետախուզման աշխատանքները շարունակվում էին ողջ ծավալով ու մեծ ընդգրկումով ու նույնպես սպասված արդյունքը տվեցին:
Կատարվածի բոլոր հանգամանքները կպարզվեն շարունակվող նախաքննությամբ:

