Թուրքերը ստորագրահավաք են սկսել Հայաստանը «Եվրատեսիլից» որակազրկելու համար
Change.org կայքում խնդրագիր է տեղադրվել, որում «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչներից պահանջվում է որակազրկել հայկական և ֆրանսիական պատվիրակություններին։
«Հայաստանի և Ֆրանսիայի մասնակիցները հանդես են գալու այնպիսի երգերով, որոնք դեմ են մրցույթի կանոններին. դրանք ունեն քաղաքական ենթատեքստ։ Այդ իսկ պատճառով այս տարի վերոնշյալ երկու երկրները կարող են որակազրկվել մրցույթից»,- գրում է թուրքական «Օնեդիո» կայքը։
Խնդրագիրը տեղադրվել է երկու օր առաջ։ Այս պահին 192 մարդ է միացել հակահայ ակցիային։
Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» խորագրով:
Կարևորելով խաղաղության, միասնության և հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշել է այս տարի համախմբել Հայոց ցեղասպանության հետևանքով աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են. թիվը զուգակցվում է անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի «թերթիկները»: Հատուկ մրցույթի համար ձևավորվելիք խումբը կկրի Genealogy անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Երգի վերնագիրն է՝ Don’t deny («Մի՛ ժխտիր»):
Ի դեպ, «Եվրատեսիլ-2015»-ի Ֆրանսիայի մասնակցի երգը լինելու է Հայոց ցեղասպանության մասին, թեև երգում որևէ կերպ անդրադարձ չի կատարվում պատմական իրադարձությանը, քանի որ «Եվրատեսիլը» վերքաղաքական կառույց է: