«Թուրքիան Սիրիայում նոր ռազմական օպերացիայի է պատրաստվում». Reuters
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան Սիրիայում նոր ռազմական գործողության է պատրաստվում, գրում է ermenihaber.am-ը:
Բրիտանական գործակալությունը տեղեկությունը փոխանցել է՝ հղում անելով 2 թուրք բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերին:
Թուրք պաշտոնյաները, որոնց անունները չեն հրապարակվել, հայտնել են, որ եթե ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններում հաջողություն չգրանցվի, ապա Թուրքիան Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերի դեմ ավելի ծավալուն միջամտության կդիմի:
Որպես հավանական ռազմական գործողության ուղղություն նշվել է Թել Ռըֆաթ շրջանը:
Ըստ «Reuters»-ի աղբյուրի՝ թեև թուրքական ռազմական միջամտության ժամկետը և պլանը դեռ հայտնի չեն, սակայն արդեն իսկ Թուրքիայի ԶՈՒ-ն և Ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) սկսել են նախապատրաստական աշխատանքները:
Թուրք պաշտոնյաներից մեկն էլ հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հարցը քննարկելու է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հետ: Ընդ որում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հարցը քննարկվելու է հոկտեմբերի վերջին Հռոմում կայանալիք G-20 վեհաժողովի շրջանակներում նախատեսվող երկկողմ հանդիպման ընթացքում:
Ըստ թուրք պաշտոնյայի, եթե Բայդենի և Պուտինի հետ բանակցություններն արդյունք չտան և քրդերը Սիրիայի հյուսիսային որոշ շրջաններից 30կմ հետ չքաշվեն, ապա Թուրքիայի ռազմական օպերացիան անխուսափելի կլինի:
Նշենք, որ Թուրքիան Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) և նրա ռազմական թև համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG) համարում է «ահաբեկչական կազմակերպություն» և «Քուրդիսատանի բանվորական կուսակցության» (PKK) ճյուղերից մեկը:
Հիշեցնենք, որ Սիրիայում նոր հնարավոր ռազմական գործողություն սկսելու մասին ակնարկել էին նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: