Թույլ մի տվեք խուզարկել Ձեր ավտոմեքենան և և այն խուզարկելուց առաջ պահանջեք դատարանի որոշում
ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿՅՈւՆ
Հարցին պատասխանել է ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ, փաստաբան Լիանա Բալյանը
-Երեւան քաղաքի բնակիչ Ա. Հովհաննիսյան
Հարց.
Քննիչը խուզարկել է իմ մեքենան, որտեղից հայտնաբերել են թմրանյութ, և ինձ մեղադրանք են առաջադրել:Խնդրում եմ ասեք քննիչը իրավունք ուներ իմ մեքենան խուզարկեր:
Պատասխան
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն.
1. Քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու և վերցնելու համար:
2. Խուզարկություն կարող է կատարվել նաև հետախուզվող անձանց, հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց, ինչպես նաև դիակները հայտնաբերելու համար:
3. Բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշմամբ : Իսկ նույն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ մասը մեկնաբանում է ,,բնակարան,, հասկացությունը քրեական դատավարության մեջ : Այսպես. ,, 46) բնակարան` շենք կամ շինություն, որը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում է որոշակի անձի կամ անձանց բնակության համար, այդ թվում` սեփական կամ վարձակալած բնակարանը, այգետնակը, հյուրանոցային համարը, նավախցիկը, գնացքի ճամփորդախցիկը, համապատասխանաբար նրանց անմիջական հարող ծածկապատշգամբները, սանդղավանդակները, վերնասրահները, պատշգամբները, ընդհանուր օգտագործման տարածքը, ինչպես նաև դրանց այլ բաղկացուցիչ մասերը, որոնք օգտագործվում են հանգստի, գույքը պահելու, ինչպես նաև որոշակի անձի կամ անձանց այլ պահանջմունքները բավարարելու համար, բնակելի շինության նկուղը և ձեղնահարկը: «Բնակարան» հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև մասնավոր ավտոմեքենան, գետային կամ ծովային նավը, ինչպես նաև ծառայողական անձնական աշխատասենյակը և ավտոմեքենան, արվեստանոցը. Այսպիսով, թույլ մի տվեք խուզարկել Ձեր ավտոմեքենան և և այն խուզարկելուց առաջ պահանջեք դատարանի որոշում:

