Տղե՛րք, չներեք սրանց, ձեր թափած արյունը հայի այս տեսակի համար չէր. Մարգարիտա Պետրոսյան
«Այցելել էի Քասախ բնակավայրի Եղբայրական պանթեոն, քեռիիս` Արսեն Հարությունյանի շիրիմին, ու մի ահասարսուռ տեսարան բացվեց դիմացս։ Եղբայրական պանթեոնում բարձրացված եռագույնը, որը պետք է խորհրդանշեր հանուն հայրենիքի քասախցիների թափած արյան կնիքը, որ տղերքը իզուր չեն զոհվել, որ տղերքը զոհվել են մեր ապրելու համար, որ տղերքը իրենց արյամբ մեր սահմաններն են գծել, բայց ավաղ հայոց պետականության խորհրդանիշ եռագույնը քրքրված, պատառոտված էր ու թերեւս առավել քան ներդաշնակ էր մեր պետության ներկա վիճակին։
Ամիսներ առաջ կասկածելի հանգամանքներում Քասախ բնակավայրի վարչական ղեկավար նշանակված ՔՊ֊ական Թովմասյան Արտակը ջանք չի խնայում, որ ավելի ու ավելի խոր ու տաքուկ տեղ իր համար ապահովի թրքամոլ ու հայրենադավ իշխանության մոտ ու բացարձակ զարմանալի չէ, որ այդ արարածի համար, ով պետք է պատասխանատու լիներ եռագույնի վիճակի համար, կան ավելի բարձր ու թանկ արժեքներ, քան պետական խորհրդանիշը։ Սույն արարածը թերեւս տենչում է օր առաջ Քասախում բարձրացնել թուրքական դրոշը։
Ուզում եմ խոսքս ուղղել Նաիրի խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանին, ով չգիտես ինչու եւ ինչ հանգամանքներում Քասախի ղեկավար նշանակեց այդ պատուհասին. պարոն Սարգսյան, ընդամենը մի քանի օր առաջ` մայիսի 9֊ին, երբ այցելել էիք Քասախի Եղբայրական պանթեոն, մի՞թե չէիք տեսել պատառոտված եռագույնը։ Միայն թե չասեք, թե եռագույնը այս մի քանի օրվա ընթացքում է այսպես քրքրվել ու պատառոտվել։ Տղերք, չներեք սրանց, ձեր թափած արյունը հայի այս տեսակի համար չէր», - գրել է Քասախի «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։