Ուհանում ԱՀԿ փորձագետների աշխատանքի մասին հաշվետվությունը կհրապարակվի մարտի 15-ից հետո
Ուհանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների աշխատանքի մասին հաշվետվությունը կհրապարակվի մարտի 15-ից հետո: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գործադիր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը, հաղորդում է DW-ը:
Մինչ այդ հաշվետվությունը կներկայացվի կազմակերպության անդամ պետություններին:
Դանիացի Փիթեր Բեն Էմբարեքի գլխավորությամբ մասնագետների միջազգային խումբը հունվարի 14-ին ժամանել էր Չինաստանի Ուհան քաղաք, որտեղից, որոշ տվյալներով, վիրուսը տարածվել էր 2019 թվականի վերջին: Պեկինը նախ հրաժարվել է թույլատրել նոր վիրուսի ծագման մասին անկախ հետաքննությունը: Ապա Չինաստանի իշխանությունը հավանություն է տվել, որպեսզի ԱՀԿ առաքելությունը ժամանի Չինաստան կորոնավիրուսի բռնկումից մեկ տարի անց:
Պանդեմիայի սկզբից կորոնավիրուս է հայտնաբերվել մոլորակի գրեթե 117 մլն բնակչի մոտ, մոտ 2,6 մլն պացիենտ մահացել է, ավելի քան 92 միլիոնը ապաքինվել է: