Ուկրաինայից ներմուծված փոստային առաքանիում երկու տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Օրերս ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ հսկողություն են իրականացրել «Հայփոստ» ընկերության փոստի փոխանակման կենտրոնում։ Արդյունքում` Ուկրաինայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերվել է շուրջ 372 գ «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգված: Այն թաքցված է եղել առաքանու կոսմետիկ միջոցների տարաների մեջ:
Դեպքով մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մասնավորապես` «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը։ Արդյունքում՝ Երևանում, «Հայփոստ» ընկերության փոստային բաժանմունքից «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստանալուց հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել 17-ամյա անչափահաս Մ.Ս-ն:
Նա պատրաստակամություն էր հայտնել աջակցել իրավապահ մարմիններին, ինչի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի տարբեր տեղանքներում հայտնաբերվել է վերջինիս կողմից նախապես տեղադրված շուրջ 475 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցների պարունակությամբ 15 փաթեթ, որոնք պետք է իրացվեին բջջային Telegram հավելվածի միջոցով:
Ձեռնարկված անհետաձգելի և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Մ.Ս.-ն Երևան քաղաքում վարձակալել է բնակարան, որտեղ նույնպես հնարավոր է առկա լինեն թմրամիջոցներ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից խուզարկվել է նաև նշված բնակարանը։ Այստեղ ևս հայտնաբերվել են 404 գ ընդհանուր քաշով α-PVP տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, 185 գ α-PVP տեսակի թմրամիջոցի նմանվող հեղուկ զանգված, 16 փաթեթներով փաթեթավորված 40 գ թմրամիջոցի նմանվող զանգված, ինչպես նաև թմրամիջոցների կշռման և փաթեթավորման համար նախատեսված պարագաներ, այդ թվում՝ նաև հակագազ:
Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում Մ.Ս.-ն ձերբակալվել է: