Ուր է գնում Հայաստանը
Հոկտեմբերի 10-ին նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Հայաստանի` Եվրասիական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Այն ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվա սկզբից։ Եվ եթե մինչ այդ որևէ արտառոց բան տեղի չունենա, ապա ՀՀ անդամակցությունն այս միությանը, ինչպես ասում են, կդառնա անշրջելի իրողություն։ Թե ուր ենք շարժվում և ինչ տնտեսական հարթության մաս ենք կազմելու, գաղտնիք չէ։ Հատկապես Ռուսաստանի մասով ՀՀ բնակչությունը բավականին տեղեկացված է։
Ամեն դեպքում, կարծում ենք` հետաքրքիր կլինի որոշ ցուցանիշների առումով համեմատականների անցկացնել Հայաստանի և ԵՏՄ մյուս անդամների` Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև։ Մինչև առաջ անցնելը, որպեսզի մասշտաբների առումով պատկերացնենք, թե ինչ տարածք ենք մտնում և այդ տարածքում ինչ կշիռ ենք ունենալու` համեմատենք տնտեսության` ՀՆԱ-ի մեծությունը։
Ըստ Համաշխարհային բանկի տվյալների` Հայաստանի ՀՆԱ-ն 2013թ. եղել է 10.4 միլիարդ դոլար։ Բելառուսի ՀՆԱ-ն նույն տարում եղել է 71.7 միլիարդ դոլար, Ղազախստանինը` 224.4 միլիարդ, Ռուսաստանինը` 2 տրիլիոն 96.7 միլիարդ։ Այսինքն` առանց Հայաստանի` Մաքսային միության ՀՆԱ-ն նախորդ տարի կազմել է 2 տրիլիոն 392.8 միլիարդ դոլար։ Սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը` իր կշռով, կազմելու է ԵՏՄ քառյակի ընդհանուր ՀՆԱ-ի 0.43%-ը։ Կարճ ասած` մենք մի կաթիլ ենք, որը միանում է օվկիանոսին։ Հիմա դիտարկենք առանձին ցուցանիշներ` համեմատության մեջ։
Սկսենք սոցիալական բնույթի ցուցանիշներից։ Ինչպես տեսնում եք, Հայաստանը գործազրկության ցուցանիշով 2-3 անգամ գերազանցում է ԵՏՄ անդամների ցուցանիշները: Համաշխարհային բանկի տվյալներով` 2012թ. Հայաստանում գործազրկության մակարդակը եղել է 18.5%։ Ռուսաստանում գործազրկության մակարդակը նույն տարում կազմել է 5.5%, Ղազախստանում` 5.3%, Բելառուսում` 9.7%։
