Ուր է հասնում պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի գործը
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Վերնիսաժի» կրակոցների գործով 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Գոռ Առաքելյանի գործով դատախազի բողոքը. Այս մասին Fnews.am–ի հետ զրույցում ասաց Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Տեղելացնենք, որ դատախազը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան` պահանջելով բեկանել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը եւ Գոռ Առաքելյանին՝ «Յուվեցի Կարոյի» փեսային, դատապարտել 9 տարվա ազատազրկման: «Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը եւ առաջին ատյանի կայացրած որոշումը թողել ուժի մեջ: Քանի որ մենք վերաքնիչ չենք դիմել, վճռաբեկ դիմելու իրավունք էլ չունենք: Մենք բողոք չենք բերել , այս պահին տեղեկություն չունեմ, թե դատախազությունը վճռաբեկ բողոք ներկայացնելու է թե ոչ»,-ասաց Սարգսյանը: Ինչ վերաբերում է Գոռի առողջական վիճակին ապա պաշտպանը նշեց, որ որևէ տեղեկություն չունի:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում: Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ` վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:
Գոռ Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՔՕ 66-րդ հոդվածով եւ դատապարտվել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Վալերիկ Հովհաննիսյանը դատապարտվել է 3, Ներսես Մելքոնյանը` 2 տարվա ազատազրկման ազատազրկման: