Ուշադիր հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությանը. ԵՄ-ն հայտարարություն է տարածել
Եվրամիությունը մեծ անհանգստությամբ հետևում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական սահմանափակումներին և Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ազդող մարդասիրական և անվտանգության լուրջ հետևանքներին։ Այս մասին ասվում է ԵԽ-ում ԵՄ պատվիրակության տարածած հայտարարության մեջ։
«Լաչինի միջանցքով երթևեկությունը խոչընդոտվել է գրեթե 9 ամսով, իսկ հունիսի 15-ից միջանցքը գրեթե ամբողջությամբ փակվել է՝ բացառությամբ երբեմն իրականացվող բժշկական տարհանումների: Դրա հետևանքով դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները պակասում են կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ է թողնում բնակչության համար:
ԵՄ-ն կրկնել է հուլիսի 26-ին ԵՄ Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարի կողմից արված կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը և երաշխավորելու, որ ճգնաժամն ավելի չսրվի:
«ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել Ակնայով։ ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին և Միջազգային դատարանի հրամանին:
ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը իրենց միջազգային սահմանի երկայնքով, որտեղ գրեթե ամեն օր արձանագրվում են հրադադարի խախտումներ: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել հետագա միջադեպերից և վերսկսել երկխոսությունը»,-ասվում է հայտարարության մեջ։