Ուշագրավ մանրամասներ դպրոցականների դանակահարությամբ ավարտված վիճաբանությունից.«Շոկի մեջ ենք»
Փետրվարի 19-ին, ժամը 16.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ենթանրակային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 17-ամյա Վիգեն Ն.-ն:
Նույն օրը, ժամը 16.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 17-ամյա Ռաֆայել Վ.-ն: Պարզվել է, որ նույն օրը Խաղաղ-Դոնի փողոցի թիվ 21/5 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, Վիգեն Ն.-ին եւ Ռաֆայել Վ.-ին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել վնասվածքներ է պատճառել 17-ամյա Հովհաննես Մ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 20-ին, ժամը 1.30-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
«Երեւի դեռահասներ են, ինչ-որ բանով միմյանց չեն հասկացել, եւ տաքացել են»
Fnews.am-ին հաջողվեց պարզել, որ տուժող դեռահասներից մեկը ` Ռաֆայելը, Երեւանի թիվ 83 դպրոցի սան է: Իսկ, թե ինչն էր դեռահասների վիճաբանության պատճառը, փորձեցինք հետաքրքրվել թիվ 83 դպրոցի տնօրեն Մանվել Պապոյանից, ով իրենց աշակերտին այսպես ներկայացրեց.«Ռաֆայելը շատ լավ, համեստ, աշակերտ է, անգամ չեմ զլանա ասել, որ նա Մարդ էր՝ մեծատառով, երբեւէ որեւէ միջադեպի մասնակից չի եղել, նրա մասին միայն գովասանքի խոսքեր եմ լսում»:
Իսկ ինչ վերաբերում միջադեպին, տնօրենը հավելեց. «Շոկի մեջ ենք, Ռաֆայելն ուր, վիճաբանությունն ուր, շատ զուսպ տղա է: Դեռ շատ բան չգիտեմ, միջադեպին էլ դպրոցի հետ կապ չունի, ասում են, որ վիճաբանության առիթն էլ եսիմ ինչ էր, երեւի դեռահասներ են, ինչ-որ բանով միմյանց չեն հասկացել, եւ տաքացել են: Բայց ստույգ չգիտեմ, դեռ չեմ հասցրել, ո'չ Ռաֆայելի հետ եմ խոսել, ո'չ նրա ծնողների»:
Նոնա Ադամյան