Ուղղաթիռի խոցման դեպք պատերազմից հետո չէր եղել.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «ՄԻ-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին եղել է չափազանց մոտ: Ուղղաթիռը խոցելուց հետո հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ բացել դեպքի վայրի ուղղությամբ: Այս լուրը երեկ ամպրոպի պես հնչեց հայկական լրատվամիջոցների լրահոսում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ուղղաթիռի անձնակազմը՝ հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը զոհվել են:
Ղարաբաղյան պատերազմի զինադադարից` 1994-ի մայիսից սկսած հրադադարի խախտման հազարավոր դեպքեր են եղել, սակայն ուղղաթիռի խոցման դեպք պատերազմից հետո չէր եղել: Կասկածից վեր է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերը համարժեք պատասխան պետք է տան ադրբեջանական կողմի նման լկտի սադրանքին: Ավելին՝ պատասխանը պետք է լինի այնպիսին, որ Ադրբեջանի հրամկազմը մյուս անգամ նման սադրանքի հրաման տալուց առաջ երկար մտածի` նման քայլ անի, թե ոչ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
