Ուղղաթիռի խոցման հիմքերն ըստ Սեֆիլյանի
Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով ադրբեջանական բանակը որոշեց խոցել հայկական ուղղաթիռը, որովհետև հակառակորդը շատ լավ տեղեկացված է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը որոշում ունի պատերազմ չվերսկսելու մասին :
«Միայն այս հանգամանքը բավարար է, որ հակառակորդը լինի լկտի, քանի որ գիտի՝ ինչ էլ անի, այսօրվա Հայաստանի ղեկավարությունը չի համարձակվելու պատժել»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց նա:
Անդրադառնալով ԼՂՀ-ում անցկացված զորավարժություններին և ուղղաթիռների երթուղուն՝ Ժիրայր Սեֆիլյանն ընդգծեց, որ այստեղ կա հանցակազմ, և միայն քրեական գործ հարուցելու դեպքում դա կարելի է պարզել, մասնավորապես՝ թե ով էր տվել չեզոք գոտի մտնելու հրամանը:
«Կա կարծիք, որ մեր օդաչուները սխալվել էին, սակայն կասկածով եմ մոտենում, որովհետև մեկ էկիպաժ չէր, երկուսն էին, և սխալվելու հավանականությունը շատ քիչ է՝ հատկապես այն դեպքում, երբ թռչում էին շատ ցածր ու տեսանելիությունը լավ էր: Նաև չեմ կասկածում մեր օդաչուների մասնագիտական վարպետության վրա»,-Ժիրայր Սեֆիլյանը և ընդգծեց, որ իր ինքը կասկածում է, որ ինչ-որ դավադրություն է եղել:
