Վաչագան Ղազարյանը վճարեց 1 մլրդ դրամ գրավը. «Ազատություն» ռադիոկայան
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը, այսօր «Ազատությանը» փոխանցեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Ղազարյանը ազատ է արձակվել կալանքից:
Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է մեկ ամիս առաջ՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով:
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:
