Վահե Էլոյանը չվերանշանակվեց. Ժամանակ
Կառավարության այսօրվա նիստում Սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակվեց Մհեր Անանյանը, որը մինչ այդ ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնն էր զբաղեցնում:
Հիշեցնենք, որ նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանը դատարանում վիճարկում էր իրեն աշխատանքից ազատելու դիմումը: Վահե Էլոյանը, որը, մեր տեղեկություններով, ԲՀԿ-ական է, աշխատանքից ազատվել էր սպորտի նախկին նախարար Յուրի Վարդանյանի ժամանակ. ընդ որում՝ Վարդանյանը կառավարության նիստին էր ներկայացրել Էլոյանի դիմումը, մինչդեռ Էլոյանը հայտարարեց, որ ինքը դիմում չի գրել ու դիմեց դատարան: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նա պահանջում էր Յուրի Վարդանյանից և ՀՀ կառավարությունից աշխատանքից ազատելու իր հրամանն անվավեր ճանաչել, վերականգնել աշխատանքում և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար պատասխանողից բռնագանձել աշխատավարձի գումարը:
Սպորտի և երիտասարդության նոր՝ ԲՀԿ-ամերձ նախարար Գաբրիել Ղազարյանի նշանակումից հետո, որը ՀԱՕԿ-ի սպորտվարչության պետի պաշտոնն էր զբաղեցնում, փաստորեն, Վահե Էլոյանը չվերանշանակվեց:
«Ժամանակի» հետ զրույցում այսօր Վահե Էլոյանը հրաժարվեց տեղեկացնել դատական գործընթացի մասին, սակայն, հաշվի առնելով նոր նշանակումը, կարելի է ասել, որ Էլոյանը դատարանում կա՛մ պարտվել է, կա՛մ չի ցանկացել հարցը վիճարկել ավելի բարձր ատյաններում: «Շատ ուրախ եմ, իրեն մաղթում եմ հաջողություն»,- նոր նշանակված աշխատակազմի ղեկավարի մասին հայտարարեց Էլոյանը: Մեր հարցին, թե չի՞ կարծում, որ նախարարը իրեն պետք է վերականգներ այդ պաշտոնում, նա հրաժարվեց պատասխանել:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
