Վանաձորի քաղաքապետի աթոռի տակ հողը երերում է
newspress.am-ը գրում է .
Վանաձորի քաղաքապետարանի «թեթև ձեռքի շնորհիվ» շուկայի կանաչի, միրգ ու բանջարեղեն վաճառողներն այսուհետ ՀԴՄ կտրոններով կիրականացնեն առևտուրը` ձեռք բերելով անհատ ձեռներցի կարգավիճակ:
Սա իհարկե շփոթմունք է առաջացրել առևտրականների շրջանում ու բողոքի ալիք բարձրացրել:
Մասնավորապես, շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի առևտրականները newspress.am-ի հետ զրույցում դժգոհեցին. «Ամսական 100 հազար տալիս ենք քաղաքապետարանին, էս ձմռան ամիսներին էլ պարտքով ենք տալիս, մենք ո՞նց 300 դոլար տանք` ՀԴՄ դնենք, կամ ԱՁ հանենք: Էստեղ միրգ վաճառողները հազիվ հացի գումար են վաստակում»:
«Գյուղնախարարը հստակ ասել է, որ այս ապրանքները չեն հարկվում, դա մեր սիրուն աչքերի համար չէ, հնարավոր չէ հարկել երեւի, դրա համար չեն հարկում: Ո՞նց հարկեն, երբ ամեն ապրանքի համար փաստաթուղթ է պետք, մենք ո՞ր գյուղացուն ասենք, ինձ կանաչու համար փաստաթուղթ տուր: Ասենք, եղանը վեր կունի` հետևներիցս կընկնի: Տեսնես մտածում են` ինչ են ասում»,- վրդովվեցին առևտրականները:
Զրույցին միացած տարեց վաճառողներից մեկն էլ ասաց, թե մեր քաղաքապետը օրենքն է առաջ բերում, այդ օրենքը միայն Վանաձորի համար է. «Ուզում ա ամեն գնով բյուջեն լցնի, բայց ինչի՞ համար, եթե դա քաղաքի բնակչին չի հասնում: Ուզում ա, ամեն գնով անցկացնի, թե սա օրենք է: Էս երկրում մի օրենք չկա, որ քաղաքացու համար լինի: Իրանք կարծում են` իրանց աթոռները հավերժ են ու գռփում են: Իրանք մեզ չեն պաշտպանի, մենք մեզ կպաշտպանենք, քաղաքապետարանը մեր հարցը չլուծի` ավելի բարձր տեղեր կան, կդիմենք»:
Հարցը լուծելու համար առեւտրականները դիմել են քաղաքապետարան, որտեղ էլ նրանց ասել են, թե օրենքը 2004 թ-ից էր կիրառվելու, և այն, որ օրենքը մինչ օրս չի կիառվել, պարզվում է` քաղաքապետարանը ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակն է հաշվի առել:
Հետաքրքիր է` ինչո՞ւ քաղաքապետը հենց հիմա որոշեց կիառել այս օրենքը, հատկապես, երբ վերջին 10 տարում ժողովրդի ապրելակերպը գնալով, ոչ թե բարելավվում, այլ վատանում է: Չի բացառվում, որ քաղաքապետ Սամվել Դարբինյանն զգացել է, թե ինչպես է հողը երերում իր աթոռի տակ ու որոշել է, ընտրությունների նախաշեմին, իր բյուջեն լցնել այս տարբերակով: