Վանաձորում տեղի ունեցած դանակահարությունը բացահայտվել է
Լոռու մարզային քննչական վարչությունը բացահայտել է Վանաձորում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած դանակահարությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջը:
«2016 թվականի դեկտեմբերի 09-ին՝ ժամը 23:50-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի կողմնային պատի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Վահրամ Գրիգորյանը: Վերջինս անմիջապես վիրահատվել է. նրա մոտ ախտորոշվել է «որովայնի առաջնային պատի թափանցող վնասվածք, ներքին արյունահոսություն»:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է Լոռու մարզային քննչական վարչությունում, մշակվել է քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, առաջ քաշվել մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ: Արդյունքում` պարզվել են դեպի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով դեկտեմբերի 10-ին ձերբակալվել է և հարցաքննվել:
Կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը», – նշված է հաղորդագրության մեջ: ՔԿ-ից հայտնեցին, որ կասկածյալը ևս Վանաձորի բնակիչ է:
Նախաքննությունը շարունակվում է: