Վանձորում ծննդաբերության ժամանակ մահացել է մոտ 30 տարեկան ծննդկան
Fnews.am-ին հասած տեղեկությունների համաձայն, հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան, Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում ծննդաբերության ժամանակ մահացել է մոտ 30 տարեկան մի կին:
Շրջանառվող լուրերի համաձայն, ասում են կնոջը ժամանակին բուժօգնություն չեն ցուցաբերել: Fnews.am-ի հետ զրույցում բաժանմունքի վարիչ Արամ Ամալյանը նշեց, որ ինքը ամբողջությամբ չի տիրապետում ինֆորմացիային, քանի որ քաղաքում չէ: Նա հորդորեց տեղեկատվությունը ճշգրտել վիրահատող բժիշկ Դավիթ Շահվերդյանից:
Վերջինս այս լուրը մեզ հետ զրույցում, ո'չ հաստատեց, ո'չ էլ հերքեց, նա պարզապես ասաց, որ այս պահին հարմար չէ խոսել, քանի որ վիրահատարանից հենց նոր է դուրս եկել, ու նույնիսկ ձեռքերը դեռ չի լվացել: «Կինը իմ հղիներից էր, բայց ուրիշ հերթապահ բժիշկ է ընդունել նրան… Եկեք ինձ մոտ կզրուցենք…»,-ասաց նա:
Տեղեկանալով, որ Երևանից ենք զանգահարում, հորդորեց քիչ ուշ զանգ տալ, երբ ինքը վիրահատությունից հետո արդեն «հանգստացած» կլինի: Սակայն, բժիշկ Շահվերդյանը այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգին:
Մեր փորձերը կապ հաստատել ծննդաբերական բաժանմունքի հերթապահ մասի հետ, ևս չհաջողվեց: Բժշկական կենտրոնի ընդունարանից պատասխանեցին, որ դա առանձին բաժանմունք է, և այնտեղ հեռախոս չունեն: Հարկավոր է կապվել բաժանմունքի վարիչ Արամ Ամալյանի «ծառայողական հեռախոսով…»: «Ազիզ, մենք չգիտենք իրանց բաժանմունքի հետ ոնց են կապ հաստատում… ծառայողականն է, մեկ էլ իրանց ձեռքի համարն է…»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Լոռու Մարզի Առողջապահության և uոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Համբարյանն էլ, մեր հարցին ի պատասխան` ներողություն խնդրեց, որ չի կարող այդ պահին խոսել և անջատեց խոսափողը:
Վանաձորի Տարոնի բաժանմունքից էլ, Fnews.am-ին տեղեկացրեցին, որ դեպքի առթիվ կազմվել է արձանագրություն և գործը հանձնվել է քննիչ Տարոն Ներկարարյանին: Վերջինս մեզ հետ զրույցում նախ զարմացավ, որ տիրապետում ենք տեղեկատվությանը, ապա հարցրեց, թե ով է տեղեկացրել մեզ դեպքի մասին:
Մեր տեղեկություններով` կինը Գուգարք համայնի բնակչուհի էր: Համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ չի ճանաչում այդ ընտանիքին, ու դեպքի մասին էլ պատահական է լսել: Հարցին, թե ինչպե՞ս կարող է չճանաչել իր գյուղի բնակիչներին, նա սրտնեղած ասաց. «Գյուղում 500 մարդ կա, ես հո՞չեմ կարող բոլորին ճանաչել…»: Ու չնայած դրան, զրույցի ընթացքում նշեց նաև, որ այցելել է մահացած աղջկա տուն, բայց դարձյալ ոչինչ այդ մասին չցանկացավ խոսել:
Մեր «շփոթված և զգուշավոր» զրուցակիցների պահվածքը մի տեսակ անհասկանալի է…
Ինչեւէ, ժամանակից առաջ չընկնելով` դատողություններ չանենք: Հիշեցնենք միայն, որ 2013 թվականին վիրահատող բժիշկ Դավիթ Շահվերդյանի ձեռքի տակով է անցել նաև 26-ամյա Լիլիթ Նալբանդյանը, ով ծննդաբերությունից անմիջապես հետո ընկել էր կոմայի մեջ:
Ա. Սահակյան
