Վանի Հայկաշեն ամրոցում հայտնաբերվել է ուրարտական ազնվական կնոջ դամբարան
Թուրք հնագետները Վանում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերել են ազնվական կնոջ գերեզման, որն ապրել է Ուրարտական թագավորության ժամանակ: Նրա հետ մեկտեղ թաղվել են բազմաթիվ թանկարժեք զարդեր: Նրա զույգ ձեռքերին ապարանջաններ են եղել, ձախ ձեռքի մատը զարդարված է եղել բրոնզե մատանիով, իսկ ականջները՝ արժեքավոր ականջօղերով:
Նաև դամբարանում հայտնաբերվել են կրծքազարդ և վզնոց՝ կիսաթանկարժեք քարերով, որը զարդարել է մահացածի պարանոցը:
Կինը թաղված է եղել Հայոց Ձորի Երվանդունիք գավառի Հայկաշեն (այժմ՝ Չավուշթեփե) ամրոցի դամբարանում: Այստեղ պեղումները սկսվել են 2017 թվականից:
Հաղորդվում է, որ դամբարանում թաղվել են ուրարտական թագավորական տան անդամները:
Կնոջ մարմնի մնացորդները տարվել են լաբորատորիա, որտեղ կպարզեն նրա մահվան պատճառն ու տարիքը: