«Վանոյի Արտակը» կմնա կալանքի տակ. երաշխիք չկա, որ նա «պատշաճ վարքագիծ կդրսևորի ազատության մեջ
1in.am-ը գրում է .
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ սկսվեց Արտակ Գալստյանի գործի դատական քննությունը:
Արտակ Գալստյանը՝ «Վանոյի Արտակը», մեղադրվում է խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կատարած խարդախության փորձի և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու նախապատրաստության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 35-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով:
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մայիսի 3-ին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեղադրանքով քրեական գործ է հարուցվել «Analitik.am»-ի աշխատողներ Անի Հովհաննիսյանի ու Վարդիթեր Գիշյանի նկատմամբ:
Մայիսի 4-ին և 5-ին Գայի պողոտայում գտնվող «Ալգա» փաստաբանական գրասենյակում Արտակ Գալստյանը Անի Հովհաննիսյանի եղբորը՝ Գոռին, Անիի օգտին գործողություններ կատարելու խոստումներ է տվել, մասնավորապես, որ մայիսի 6-ին Անիի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը չի ընտրվի, որ կփոփոխվի առաջադրված մեղադրանքը ու՝ որ Անին պայմանական կդատապարտվի: Այս խոստումների կատարման համար Արտակ Գալստյանը Գոռ Հովհաննիսյանին դրդել է իր միջոցով 5 հազար դոլար կաշառք տալ իրավասու անձին: Սակայն Արտակ Գալստյանի հանցավոր մտադրությունը, ըստ մեղադրանքի, ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է վճարել պահանջված գումարը:
Դատարանը ճշտեց ամբաստանյալ Արտակ Գալստյանի անձին վերաբերող տվյալները՝ նա 49 տարեկան է՝ ծնվել է 1967 թվականին, կրթությունը՝ բարձրագույն, ավարտել է պոլիտեխնիկն ու դատական փորձաքննությունների ինստիտուտը: Ամուսնալուծված է: Աշխատել է իրեն պատկանող «Վենուս Աֆինա» ՍՊԸ-ում, մի ՍՊԸ էլ ունի՝ «Աուրա», որը գործող չէ՝ իր խոսքերով: Այս գործով Արտակ Գալստյանը կալանքի տակ է 2016 թվականի մայիսի 26-ից:
Արտակ Գալստյանի շահերը պաշտպանում են փաստաբաններ Սուսաննա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը և Արայիկ Ալվանդյանը: Հիշեցնենք, որ «Ֆինանսական բուրգի» գործով, երբ Արտակ Գալստյանը տուժողի կարգավիճակ ուներ, նրա ներկայացուցիչը փաստաբան Սուսաննա Սարգսյանն էր:
Մանրամասն ՝ այստեղ
