Վարչապետի հետ «Իմ քայլը» խմբակցությունը համաձայն է. Մակունցը՝ Ամուլսարի շահագործման մասին
Այս փուլում խնդիր է դրվում, որ բնապահպանության տեսչական մարմինն անմիջապես սկսի գործողություններ Ամուլսարում եւ վեր հանի խնդիրներ, եթե դրանք գոյություն ունեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով, այս փուլում խոսքը ոչ թե հանքի շահագործման մասին է, այլ այն շինարարական աշխատանքների, որոնք անհրաժեշտ են առաջին փուլում. «Ընդգծվեց, որ եթե անգամ շինարարական աշխատանքների ժամանակ նկատվի որեւէ խախտում, շեղում իրենց նշած չափանիշներից, ապա տեսչական մարմինը կիրականացնի բոլոր անհրաժեշտ գործողությունները: Եթե 90 օրվա ընթացքում չվերացվեն խնդիրները, կդադարեցվի որեւէ կարգի գործողություն: Այս դիրքորոշման հետ «Իմ քայլը» խմբակցությունը համաձայն է: Վարչապետի հետ հանդիպման ժամանակ խմբակցությունում առարկություն, որ մենք չպետք է գնանք այդ ճանապարհով, չի հնչել»,-,-հայտարարեց նա:
Հարցին, թե եթե ջերմուկցիները չբացեն Ամուլսար տանող ճանապարհները, կա՞ ուժով այն բացելու հավանականություն, Մակունցը պատասխանեց. «Ես առաջարկում եմ այս պարագայում պայմանական նախադասություններից դուրս գանք, որովհետեւ պետք է սպասենք, տեսնենք իրավիճակն ինչպես է զարգանում: Մնացյալ գործողությունների մասով կխնդրեմ, որ հարցադրումները լինեն բացառապես այն մարմիններին, որոնք գործողություններն իրականացնելու են»:
Նրա ներկայացմամբ, վարչապետի կողմից նշված դիրքորոշումը չի հակասում ժողովրդի շահերին. «Այստեղ բոլորովին կարիք չկա բաժանելու ժողովրդի կողմի եւ դեմի: Մենք գնալու ենք այնպիսի քայլերի, որոնք որեւէ կերպ չեն վնասի մեր պետական շահին, բնակչությանը, բնապահպանությանը: Իր խոսքում պարոն Փաշինյանը նշեց, որ այս պարագայում դեմ դուրս գալու կարիք չկա»: