Վարդան Այվազյանի եղբայր VS «Ֆլեշի Բարսեղ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի եղբորը՝ Գագիկ Այվազյանին պատկանող Չարենցավանի գազալցակայանի փակման պատճառը ոչ այնքան պատկան մարմինների հայտնաբերած խախտումներն են, որքան մրցակիցները։
Ըստ լուրերի, գազալցակայանի գլխին մութ ամպեր էին կուտակվել դեռեւս 2014-ին, երբ դրանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա շահագործման հանձնվեց մեկ այլ գազալցակայան՝ Բարսեղ Բեգլարյանին պատկանող։ Ի դեպ, գազալցակայանի սեփականատերերից է նաեւ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Թովմասյանը: Իշխանության սիրելի Ֆլեշի Բարսեղը մեկուկես տարի հետեւողական պայքար է մղել, որպեսզի մրցակիցներին վերացնի։
Խոսակցություններ կան, որ մոտակայքում գտնվող երրորդ լցակայանին էլ է նույն ճակատագիրն սպասվում: Չարենցավանցիներից մեկը պատմեց, որ ամենալավ աշխատող կայանը հենց փակվողն է եղել, որտեղից հիմնականում օգտվել են վարորդները, ու դա հարվածել է Ֆլեշի գրպանին:
Աբսուրդն այն է, որ չնայած անցած տարի մայիսի 30-ին ողբերգական ելքով պայթյուն եղավ Բեգլարյանին պատկանող լցակայանում՝ լիցքավորողը մահացավ, սակայն այն շարունակեց անխափան գործել: Թե երբ նորից կգործի Այվազյանի գազալցակայանը, հայտնի չէ, ամենայն հավանականությամբ, այն այլեւս չի գործի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում