Վարդան Պետրոսյանի փաստաբանները՝ «հերթապահ ընթերակա»-ի և քննիչի` «քրեորեն պատժելի արարքի» մասին
Փաստինֆոն գրում է.Վարդան Պետրոսյանի գործի նախաքննությունն իրականացրած քննիչ Հակոբյանը քրեորեն պատժելի արաք է կատարել: Այսօր դատարանում նման կարծիք հայտնեց Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նման եզրակացության է հանգել փաստաբանը՝ գործի նյութերին ծանաթանալով ու վերլուծություն անելով: Ըստ փաստաբանի` դեպքի վայրի զննության արձանագրությունը չի կազմվել դեպքի օրը` վթարից անմիջապես հետո, այն լրացված է տարբեր գույնի գրիչների նշումներով, հանդարտ ձեռագրով:
Սա Նիկոլայ Բաղդասարյանին հիմք է տվել ենթադրելու, որ այն կազմել է ոչ թե վթարի վայրում, այլ` քննիչի աշխատասենյակում: Իսկ վկաները, որոնք դատարանում փաստեցին, որ տեսել են ու ստորագրել: Իրականում, ըստ փաստաբանի, ճիշտ չեն ասել, և իրականում ստորագրել են դատարկ բլանկի վրա:
«Իմ վարկածն այն է, որ իրենք գծել են գծագրերը, չի համընկել վթարի մեխանիզմի հետ, դրա պատճառով նորից են գծել, դրա համար էլ մի ընթերակային չի լինում գտնել, իսկ երկրորդ ընթերակայի ստորագրությունը չի պատկանում իրեն»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ քննիչը չի գծել վթարի մի քանի հետքեր` լավ իմանալով, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները տեխնիկապես այնքան զարգացած չեն, որ հնարավոր լինի հետագայում դեպքի վայրի լուսանկարներում առկա դեպքերը տեղափոխել գծագրի մեջ:
Սակայն արտասահմանում պատվիրված նոր գծագրերը, որոնք Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդել էր կցել գործի նյութերին, հենց այդ մեթոդով են վերականգնել վթարի հանգամանքները:
Վարդան Պետրոսյանի մյուս փաստաբան Սամվել Ջաղինյանն էլ հայտարարեց, որ իր կարծիքով` երկրորդ ընթերական՝ Գրիշա Գասպարյանը, ով նաև դատարանում ցուցմունք է տվել, «հերթապահ ընթերակա» է: Սամվել Ջաղինյանn իր այս կարծիքը մեկնաբանեց նրանով, որ Գրիշա Գասպարյանը դատարանում հայտարարել էր, որ իր բնակության հասցեն փոխվել է, Չարենցի փողոցը վերանվանվել է Թարգմանչաց, սակայն զննության արձանագրության մեջ քննիչը 3 անգամ նշել է հին հասցեն:
Ըստ փաստաբանի, դա խոսում է այն մասին, որ «ոստիկանները տեղյակ են այս ընթերակայի մասին և երբ որ քննիչին պետք է լինում, ինքը կարողանում է այդ տվյալներն ունենալով արձանագրել»: «Այսինքն այս ընթերական, ով այստեղ եկավ և ցումունք տվեց, շատ հնարավոր է կրում է պարբերական բնույթ իրավապահ մարմինների համար և ունի նման կարգավիճակ՝ հերթապահ ընթերակայի»,- ասաց Փաստաբանը՝ հիշեցնելով, որ Գրիշա Գասպարյանը դատարանում չթաքցրեց, որ ոստիկաններից մեկն իրենց գյուղից է:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
